Բուրիչն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտությանը
Ադրբեջանին ԵԽԽՎ-ից հեռացնելու ֆոնին Վեհաժողովում Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչների խումբը ներկայացնող ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, հետաքրքրվել՝ արդյոք Բաքվում որևէ կերպ մեկնաբանե՞լ են փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությունը դիտարկելու համար ԵԽԽՎ-ին չհրավիրելու որոշումը:
«Սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո պարզ էր, որ անհրաժեշտ է, որ այցելեմ երկու երկրներ: Իմ առաջնային հետաքրքրությունն էր՝ այցելել Ադրբեջան և մեկ ուղերձ հղել, որը վերաբերում է բոլոր առանցքային հարցերին: Այն է՝ բոլոր անհատները, որոնք բնակվում են ԵԽԽՎ անդամ երկրներում, պետք է լիարժեք ունենան մարդու բոլոր իրավունքները և ազատությունները»,- նշել է Բուրիչը, հավելել՝ կարևոր էր, որ Եվրոպայի խորհրդի մարմինները կարողանան այցելել Լեռնային Ղարաբաղ:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի սկզբին ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի այցը ԼՂ, ինչպես նաև գերիների փոխանակումը դրական քայլեր էին:
Բուրիչը նշել է՝ այդ ժամանակ թվում էր, թե գործընթացում դրական միտում կա, ինչը ԵԽ-ն մշտապես քաջալերել է: «Ես չէի կարող պատկերացել, որ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ, և ԵԽԽՎ-ն չի հրավիրվի՝ դիտարկելու Ադրբեջանում ընտրությունները»,- ասել է Բուրիչը:
Նա հավելել է, որ ԵԽ-ն պետք է երկխոսության համար ուղիներ գտնի, որովհետև խոսքը տարածաշրջանի խաղաղության մասին է:
Բուրիչը տեղեկացրել է, որ այժմ բանակցություններ է վարում Հայաստան այցելելու վերաբերյալ, նշել՝ ԵԽ-ն Հայաստանին աջակցություն է առաջարկել՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների բավարարման հետ: