Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել ու բարելավվել են «Կանանց աջակցման կենտրոն»-ի պայմանները
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել ու բարելավվել են «Կանանց աջակցման կենտրոն»-ի գրասենյակը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման» ծրագիրն ամփոփող միջոցառման ժամանակ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական ընդգծեց, որ այս համագործակցությունը ուղղված է պաշտպանելու այն կանանց ու երեխաներին, ովքեր ենթարկվել են ընտանեկան բռնության:
«Ծրագիրը կարևոր է նրանով, որ այն ուղղված է անմիջապես անհատին: Ճապոնիայի կառավարությունը շատ ուրախ է, որ ծրագրի շրջանակներում իրականացված վերանորոգումը, տրամադրած սարքավորումները և գույքը կծառայի հենց ընտանեկան բռնության ենթարկված անհատներին»,- ասաց Աոկի Յուտական:
Դեսպանը նշեց, որ կենտրոնի հետ համագործակցությունը կլինի շարունակական` ընդգծելով, որ Ճապոնիայի դեսպանությունը բաց է նման ձևաչափով ցանկացած համագործակցության համար:
«Կանանց աջակցման կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել ու բարելավվել են կենտրոնի գրասենյակի տարածքը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանները:
«Ծրագրի շրջանակում տրամադրվել են տարբեր տեսակի սարքավորումներ, որոնց շնորհիվ բարելավվել է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը, այն դարձնելով ավելի մատչելի», - ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով կենտրոնի դիմելիությանը` նա նշեց, որ միայն 2023 թվականի ընթացքում կենտրոնը գրանցել է ավելի քան 4000 հեռախոսազանգ: Ապաստարանային ծառայության շրջանակում աջակցել են 265-ից ավելի կանանց և երեխաների: Կենտրոնի կողմից իրականացվել է 1000-ից ավելի սոցիալական խորհրդատվություն և 160-ից ավելի քրեական և քաղաքացիական գործեր մտել են դատարան:
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ նախորդ տարիների համեմատ կենտրոն հաճախողների թիվը մեծացել է:
ՀՀ ԱՍՀ նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն էլ կարևորելով «Կանանց աջակցման կենտրոն»-ի դերը` նշեց, որ արդեն 4-րդ տարին է ինչ կենտրոնի հետ համագործակցում են:
«Համագործակցության շրջանակում նախարարությունը համաֆինանսավորում է «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից գործարկվող թվով երկու ապաստարանների գործունեությունը: Մենք նաև ունենք հուշագիր «Կանանց աջակցման կենտրոն»-ի հետ, որի շրջանակում յուրաքանչյուր տարի վերապատրաստումներ ենք իրականացնում՝ ոլորտի առաջնագծում աշխատող մասնագետների հետ»,- ասաց Բոստանչյանը:
Բոստանչյանն ընդգծեց, որ 2023 թվականին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում գործող կանանց աջակցման կենտրոնների ծառայություններից օգտվել է ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 1860 անձ։ Ըստ նրա՝ թիվը ամեն տարի ավելանում է: