Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար Ամանորից առաջ կազմակերպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի գործընկերներին հրավիրել է շփվել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի պալատական-պարկային համալիրներով շրջայցի ժամանակ:
Երեքշաբթի օրը Համագործակցության երկրների ղեկավարները ժամանել են «Պավլովսկ» արգելոց-թանգարան: Պավլովսկում բոլոր հյուրերին, բացի Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևից և Ալեքսանդր Լուկաշենկոյից, որոնք այդ ժամանակ երկկողմ հանդիպում էին անցկացնում, Սուրբ Ծննդյան երգերով դիմավորել է երգչախումբը:
«Հյուսիսային սիմֆոնիա» սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը և ջութակահար Պավել Միլյուկովը, կատարել են մի քանի դասական վալս և ռոմանսներ: Մինի-համերգը վարում էր նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում զրույցով: