Մեծ Բրիտանիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել ընկերություններում ղեկավար կանանց թվով
Մեծ Բրիտանիան միայն Ֆրանսիային Է զիջում երկրի առաջատար ընկերությունների տնօրենների խորհրդում ընդգրկված կանանց թվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնի ֆոնդային բորսայի տվյալները։
Լոնդոնի ֆոնդային բորսայում իրենց բաժնետոմսերը ներկայացնող 350 խոշորագույն բրիտանական ընկերությունների ղեկավար կազմում կանանց բաժինը 2022 թ.-ին աճել է գրեթե 3%-ով՝ հասնելով 40,2%-ի:
Ավելի վաղ Միացյալ Թագավորությունում նախատեսում էին 40 %-ի նշաձողին հասնել մինչև 2025 թ.-ը։
11 տարի առաջ կանայք կազմում էին Մեծ Բրիտանիայի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամների 9,5%-ը։ Բրիտանիայի Արտաքին առևտրի նախարար, Առևտրի խորհրդի նախագահ, Կանանց և իրավահավասարության հարցերով նախարար Քեմի Բեյդնոքը բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել Է չթուլացնել առաջատար պաշտոններում և տնօրենների խորհուրդներում հավասարակշռություն ապահովելու համար կանանց ներգրավման տեմպերը:
Միևնույն ժամանակ Reuters-ը հիշեցնում է, որ ի տարբերություն Բելգիայի և Ֆրանսիայի՝ Մեծ Բրիտանիայում չի գործում պարտադիր քվոտային համակարգ ղեկավար կազմում կանանց ընգդրկելու առումով: Ֆրանսիայում կանանց պարտադիր ներգրավվածության բաժնեչափը 40% է, ինչը սահմանվել Է 2017թ.-ին: