Bloomberg-ն այն մասին, թե 2022թ. ինչը կարող է խանգարել տնտեսության վերականգնմանը
Տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2022 թվականին կաճի, սակայն նրանց կանխատեսումները կարող են սխալ լինել, գրում է Bloomberg-ը։
«Կանխատեսողների մեծամասնությունն ակնկալում է տնտեսության վճռական վերականգնում, գների իջեցում, կառավարության հրաժարում արտակարգ դրամավարկային քաղաքականությունից, - գրում է գործակալությունը։ - Ի՞նչը կարող է սխալ գնալ։ Շատ բան»: Հրապարակման հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19 համավարակի եւ օմիկրոն շտամի տարածմանը։ «Հավանաբար այն ավելի վարակիչ է, քան իր նախորդները, եւ այն կարող է նաեւ ավելի քիչ վտանգավոր լինել», - նշում են նրանք: «Սա կօգնի աշխարհին վերադառնալ մինչհամավարակային սովորական իրավիճակը հիշեցնող մի բանի, այսինքն՝ ծառայությունների ծախսերի աճի»: Տնտեսական աճը կարող է կազմել 5.1 տոկոս: Եթե նոր շտամն ավելի վարակիչ ու վտանգավոր դառնա, ապա համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի մինչեւ 4.2 տոկոս, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը կարող է հանգեցնել գազի գների բարձրացման,- շարունակում է գործակալությունը:- Իսկ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած բնական աղետները կարող են հանգեցնել պարենային ապրանքների հետագա գնաճի»:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի բարձրացումը կարող է խնդիրներ առաջացնել զարգացող շուկաների համար, ասվում է նյութում: Սովորաբար նման աճը ամրապնդում է դոլարը եւ առաջացնում կապիտալի փախուստ այս շուկաներից: Չինաստանում էներգետիկ ռեսուրսների պակասի հետ կապված խնդիրները հաջորդ տարի պետք է պակաս սուր լինեն։ Սակայն մնացած խնդիրները կմնան։ Այնուամենայնիվ, փորձագետները 2022 թվականին Չինաստանի տնտեսության 5.7 տոկոսով աճ են կանխատեսում։ Եվրոպացի առաջնորդների համերաշխությունը եւ Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականությունն օգնել են Եվրոպային հաղթահարել COVID-19 համաճարակի ազդեցությունը, սակայն այս գործոնների կարեւորությունը կարող է նվազել հաջորդ տարի։
Աշխարհաքաղաքականությունը նույնպես ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, նշում են հեղինակները։ Թայվանի շուրջ ցանկացած սրացում կարող է առաջացնել այլ համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արձագանքը, գրում են նրանք։ «Գերտերությունների միջեւ պատերազմը ամենավատ տարբերակն է։ Բայց մյուս սցենարները ներառում են պատժամիջոցների սահմանում, որը կսառեցնի հարաբերությունները աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ, եւ կիսահաղորդիչների արտադրության փլուզումը Թայվանում, որը կարեւորագույն նշանակություն ունի համաշխարհային արտադրության համար՝ սմարթֆոններից մինչեւ ավտոմեքենաներ»:
«2020 թվականին համավարակի հետեւանքով տուժած տնտեսություններում իրավիճակը ավելի վատ է եղել, քան կանխատեսում էր ցանկացած տնտեսագետ», - նշվում է հոդվածում։ - 2021 թվականին այլ էր: Շատ երկրներում տնտեսության վերականգնումը զարմանալիորեն արագ եղավ։ Սա ծառայում է որպես օգտակար հիշեցում, որ հաջորդ տարի ինչ-որ բան կարող է ճիշտ գնալ»: