Սալվադորում դատարանը դիմել է Ինտերպոլ՝ երկրի նախկին նախագահին ձերբակալելու համար
![](/timthumb.php?src=disc/05-02-19/2f7a76dd0cc0698c139d649e37ec95bb.jpg&w=450)
Սալվադորում դատարանը դիմել է Ինտերպոլ՝ խնդրելով «կարմիր թերթիկում» (ձերբակալության միջազգային օրդեր) ներառել երկրի նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսին, որը մեղադրվում է դրամական միջոցների հափշտակման եւ լվացման մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Elsalvador.com պորտալին։
Նշվում է, որ, բացի նախկին նախագահից, դատարանը խնդրել է այդ ցանկում ներառել էլի մի քանի հոգու, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ։
2018թ. հունիսին Սալվադորի գլխավոր դատախազությունը Ֆունեսին կալանելու իրավունք է տվել։ Գերատեսչության տվյալներով՝ նրա նախագահության հինգ տարվա ընթացքում կոռուպցիոն գործողությունների արդյունքում հափշտակվել է ավելի քան 350 միլիոն դոլար, որոնք հայտնվել են այս կամ այն կերպ նախկին նախագահի հետ կապված հաշվեհամարներում։
2017թ. վերջին Ֆունեսը և նրա որդին՝ Դիեգոն, մեղավոր են ճանաչվել ապօրինի հարստացման մեջ։ Ֆունեսը 2016թ. սեպտեմբերին ապաստան է ստացել Նիկարագուայում։ Նույն թվականի փետրվարին Սալվադորի գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել քաղաքացիական գործ հարուցել Ֆունեսի դեմ՝ ապօրինի հարստացման կասկածանքով։ Ֆունեսը Սալվադորի նախագահն է եղել 2009-2014թթ.։