Նախկին նախարարի կինը հղիության ահռելի նպաստ է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության և ծննդաբերության նպաստ: Մեր տվյալներով, 20 մլն դրամ:
Հարկատուների' ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է:
Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը մեզ զարմացրեց՝ տպավորիչ թվեր հրապարակելով հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երևանի կոնյակի գործարանի, այլոց հղիության նպաստների հետևանքով:
Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը և շռայլ պարգևատրումներ տվել, նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով:
Թվարկածս գիգանտները կարող են իրենց աշխատողներին գլխից դուրս աշխատավարձ վճարել, բայց ֆինանսական հաշտարարը ՀՀ պետական պաշտոնյա է, իսկ ՀՀ-ն, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ պետություն չէ, որ իրեն թույլ տա 20 մլն դրամ սոցիալական նպաստ տալ իր ֆինանսական հաշտարարին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: