«Հոկտեմբերի 27»-ի ծանոթ հռետորաբանությունը
«Առավոտ» թերթը գրում է. «Այն, որ հիմա հոգեկան հիվանդներ կան, որոնք ֆեյսբուքյան և այլ գրառումներով պնդում են, թե «հոկտեմբերի 27»-ի ոճրագործներն իրավացի էին՝ դա, իհարկե, խոսում է մեր հասարակության լուրջ հիվանդության մասին: Բայց ո՞վ է «հիվանդացնողը»:
Հիվանդացնողը մենք են, որ թե՛ «հոկտեմբերի 27-ից» առաջ, թե՛ դրանից հետո կրկնում էինք և շարունակում կրկնել այն ձևակերպումները, որոնք հնչում էին ոճրագործների շուրթերից:
Հիվանդացնողն այն քաղաքական ուժերն են, որոնք իրենց նպատակներին հասնելու և «ժողովրդին» հաճոյանալու ու «բոցավառելու» համար օգտագործում են այդ հռետորաբանությունը:
«Ժողովրդի արյունը ծծողներ», «թալանողներ», «հերիք եղավ, բոլ եղավ», «կերան մեր ժողովրդին», «մենք կհաղթենք», «էս ազգը մեղք ա», «երկիրը կործանեցին»՝ 1999թ.-ին հնչած այս բոլոր արտահայտությունները մենք լսում ենք շուրջ 22 տարի:
Ես գիտեմ, որ հարգելի գործիչները, հրապարակախոսները, մեկնաբանները չեն ուզում, որ մեր երկրում որևէ նման բան տեղի ունենա: Բայց եթե չեն ուզում, ապա թող չափավորեն իրենց խոսքը, գտնեն ավելի զուսպ, և միաժամանակ ավելի դիպուկ ձևակերպումներ՝ իշխանություններին քննադատելու համար: Ենթադրում եմ, որ նրանց ուզած իշխանափոխությունն այսպիսով ավելի շուտ տեղի կունենա»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: