Առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվում է անձրև. ի՞նչ եղանակային պայմանների սպասել նոյեմբերին. պարզաբանում է մասնագետը
Հոկտեմբերի 26-27-ը ՀՀ սպասվում է անձրև, իսկ բարձր լեռնային շրջաններում` ձյուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը:
Վերջինս անդրադարձավ նաև նոյեմբերին սպասվող ջերմաստիճանին և նշեց, որ նոյեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում:
«Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի ամսվա առաջին տասնօրյակում: Արարատյան դաշտում և Արագածոտնի նախալեռներում կբարձրանա 13-16 աստիճանով: Ամսվա երկրորդ տասնօրյակում կդիտվի ջերմաստիճանի անկում` 2-7 աստիճանի սահմաններում: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով, իսկ երկրորդ տասնօրյակին երեկոյան հնարավոր է ջերմաստիճանի անկում 10-15 աստիճանով»,-նշեց բանախոսը:
Համեմատական անցկացնելով նախորդ տարվա հետ՝ բանախոսը նշեց, որ այս տարի հոկտեմբերին ավելի տաք եղանակ է գրանցվել: Տեղումները եղել են, սակայն նորմայի սահամններում: Նույն կանխատեսումներն են արվում նաև նոյեմբերի համար:
Վարդուհի Ստեփանյան