Հովիկ Աբրահամյանի անդրադարձը իշխանափոխությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անդրադառնալով եռյակի իշխանափոխության ձգտումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստի շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե ցանկացած իշխանափոխություն վատ է երկրի համար: «Ինչո՞ւ եք նման վատ բաներ կամենում մեր երկրին. յուրաքանչյուր պետության համար իշխանափոխությունը լավ բան չէ: Դուք երիտասարդ եք, նման բաներին մի՛ տրվեք»:
Թե ինչու է քաղաքականությամբ զբաղվելու համար խելքն անհրաժեշտ պայման չհամարող վարչապետը ցանկացած իշխանափոխություն երկրի համար վատ համարում, թերևս բացատրելու կարիք չկա:
Սակայն իրենց բարեկեցությունն ու աթոռը երկրի հետ նույնացնող իշխանություններին' ի դեմս Հովիկ Աբրահամյանի, արժի հիշեցնել, որ ցանկացած նորմալ երկրի զարգացման հիմնական գրավականը հենց պարբերաբար իրականացվող իշխանափոխությունն է ընտրությունների միջոցով:
Մինչդեռ Հայաստանում անցած քսաներեք տարիների ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ իշխանափոխություն ընտրությունների միջոցով: Իսկ 98-ի փետրվարի 3-ի' Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը «հայտնի ուժերի» կողմից իրականացված հեղաշրջման արդյունք էր»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: