Մենք առանց ջեռուցման վեց տարի ապրել ենք մոմի լույսի տակ և դա մեզ կրկին սպառնում է. Արմեն Պողոսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը և Հայաստանի «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձան ՀՀ տնտեսության ներկա իրավիճակին:
Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ ՀՀ տնտեսությունը մրցունակ չէ նրա համար, որ օլիգարխիան և պետությունը սերտածաճ են բոլոր ասպարեզներում և այստեղ գործում է միայն մի նպատակ՝ օլիգարխիայի գերշահույթը: «Մենք խոսում ենք տարբեր ծրագրերից, թե ինչ է մեզ սպասվում և այլն: Նման քաղաքական պարագայում մեզ ոչինչ չի սպասվում, և ես արդեն հոգնել եմ այդ մասին խոսել: Հայաստանն անհաջող պետություն է, այդ թվում նաև տնտեսության հարցում:
«Նավթի համաշխարհային գներն ընկել են 120-82 դոլար: Ռուսական ռուբլին դոլարի համեմատությամբ նույնպես ընկնում է, ուստի հարց է առաջանում. ինչո՞ւ այդ նվազումը չի երևում մեր երկրում: Մեր պայմանագիրը Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ ռուբլու և դոլարի հարաբերակցությունները հաշվի է առնում: Սրանից հետևում է, որ տատանումները պետք է արտահայտվեին էլեկտրաէներգիայի և գազի գների վրա»,-նշեց Արմեն Պողոսյանը:
Բանախոսի վստահմամբ՝ Հայաստանի ներկայիս տնտեսությունը գահավիժում է. «Մենք առանց ջեռուցման վեց տարի ապրել ենք մոմի լույսի տակ և դա մեզ կրկին սպառնում է: Սա մեր ոչ խելամիտ տնտեսվարման արդյունք է»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան