Որ քաղաքներն ինչպես են պատրաստվում եռյակի հանրահավաքներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական եռյակի մարզային հանրահավաքները փոթորկել են ՀՀԿ-ական համայնքային չինովնիկների կյանքը: Այս օրերին, բոլորն իրար խառնված, փորձում են իրենց լծակների, ինչպես նաև ծանոթ-բարեկամների միջոցով սպառնալիքներով, զգուշացումներով ու նաև խոստումներով քաղաքացիներին հետ պահել այդ ակցիաներից:
Հրազդանի, Սիսիանի ու Կապանի միջադեպերը, երբ ՀՀԿ-ական պահեստազորից սադրիչ խմբեր էին գործուղել՝ հանրահավաքները տապալելու, վարակիչ է դարձել նաև մյուս քաղաքների համար, որտեղ հանրահավաքները դեռ առջևում են: Հոկտեմբերի 3-ին ոչ իշխանական եռյակը կլինի Արարատ քաղաքում, որը խնդրահարույց քաղաքներից մեկն է:
Սա Հովիկ Աբրահամյանի տարածքն է, և ցանկալի չէ, որ հանրահավաքը բազմամարդ լինի, որպեսզի «չշահարկվի» Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես իշխանության հիմքերը խարխլելու «դավադիր» փորձեր անողի: Այստեղ հենց վարչապետի ջանքերով նվազ մասնակցություն կլինի:
Սադրիչ խմբերով հակազդելու մասին չհաջողվեց ճշտել անձամբ քաղաքապետ Հայկ Հայկյանից, քանի որ նրա հեռախոսին պատասխանողն ասաց, որ Հայկյանը նիստի է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: