Մարզահամերգային համալիրը կադաստրի որոշման մեջ վերափոխվել է մարզահամալիրի, կարծես ֆիթնես կլուբ է. Կորյուն Գրիգորյան
Մարզահամերգային համալիրի սեփականության շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը ներկայացրեց Կադաստրի տեղեկանքը, որում նշված էր, որ կառույցը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
«Տեղեկանքում Կարեն Դեմիրճյանի անունը բացակայում է: Սա ապսուրդ է: Մարդիկ թքած ունեն և անում են այն, ինչ ուզում են: Անգամ մարզահամերգայինը փոխել են մարզահամալիրի, կարծես ֆիթնես կլուբ է: Այստեղ նշված է՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիր»,- անդրադառնալով կառույցի անվանը՝ նշեց բանախոսը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք բանախոսը փորձել է պարզել՝ փաստաթղթում անվան սխալմունք է եղել, բանախոսը պատասխանեց. «Մարզահամերգային համալիրի փակ բաժնետիրական ընկերությունը չի կարող բողոքարկել և ճշտում պահանջել անվան վերաբերյալ, քանի որ չի համարվում կառույցի սեփականատերը: Կառույցը պատկանում է հանրապետությանը»՝ հավելելով, որ հավանաբար թղթում ոչ թե սխալմունք է կատարվել, այլ կառույցի անունն է փոխվել, ինչն առհասարակ թույլ չի տալիս ընկալել շինությունը որպես մարզահամերգային կառույց:
Վարդուհի Ստեփանյան