Նիկոլ Փաշինյանի առաջադրած օրինագիծը չընդունվեց. ՀՀԿ-ն կրկին քվեարկում էր մեկը մյուսի փոխարեն (տեսանյութ)
ՏեսանյութերՄեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի քառօրյայի առաջին օրը: Նիստը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված «Սահմանամերձ շրջանների բնակիչներին արտոնություններ տալու մասին» հարցը: Հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ նախագծի հեղինակ, «ՀԱԿ» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ասաց, որ այս օրինագծի շրջանակներում պետք է արտոնությունները տրամադրել ոչ թե տարածաշրջանին, այլ հենց բնակիչներին: Նա ասաց նաև, որ պետք է ուղիղ օգնել բնակիչներին և արտոնություններ տալ նրանց ջրի, գազի և հոսանքի վարձավճարների պարագայում:
Հարցի կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այս հարցի շրջանակներում դեռևս պետք է կատարվեն որոշակի ճշգրտումներ, քանի որ պետք է հստակեցվի, թե ինչ է հասկացվում սահմանամերձ շրջաններ ասելով: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ասաց, որ մի քանի օր առաջ, գտնվելով Տավուշի մարզում, կարող է հստակ ասել, որ բնակիչներն իսկապես ունեն այդ աջակցության կարիքը:
Ելույթ ունեցավ նաև «ՕԵԿ» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով ասաց, որ անհրաժեշտ է աջակցել խորհրդարանական գործընկերոջը, քանի որ միայն իրենք չէ, որ միշտ պետք է լինեն օգնողի դերում:
Իսկ վերջում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցը հանձնաժաղովի կողմից չի ընդունվել, սակայն կառավարությունը պատրաստվում է նման օրինագիծ ներկայացնել: Այնուհետև հարցը դրվեց քննարկման, որի արդյունքում «ՀՀԿ» խմբակցությունը մեկը մյուսի փոխարեն քվեարկեց, իսկ մյուսները ձեռնպահ մնացին: Այդպիսով`օրինագիծը չընդունվեց: