Քառյակն այսօր կփորձի շատ նուրբ հարց լուծել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում տեղի կունենա ոչ իշխանական Քառյակի հանդիպումը, որի ընթացքում էլ կորոշվի համատեղ հանրահավաքի օրը:
Քառյակը պետք է բավական նուրբ մի հարց լուծի՝ առաջիկա հանրահավաքի հետ կապված: Բանն այն է, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀԱԿ-ը քաղաքական պրոցեսի առանցքում տեսնում է սահմանադրական փոփոխությունների տապալումը:
Այսօրվա քննարկման ընթացքում Քառյակի ուժերը պետք է փորձեն լուծում գտնել այս հարցին. ինչպե՞ս անել, որ հանրահավաքի հարթակը լինի միասնական և հնարավոր լինի գործողությունների միասնական-ռազմավարական հեռանկար գծագրել: Սա, իհարկե, դժվար, բայց և լուծելի խնդիր է»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: