Կադրային լուրջ փոփոխություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին մոտ մեկ ամիս առաջ փոխանցել են վարչապետի պահանջը՝ դիմում գրել, ազատվել, և նա որոշակի ջանքերից հետո, երբ համոզվել է, որ միջնորդություններն անօգուտ են, օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է գրել:
Տիկին Ղազարյանն այս պաշտոնին է անհիշելի ժամանակներից, և նրանից հսկայական դժգոհություններ էին կուտակվել, այնպես որ, համակարգում ողջունում են այս փոփոխությունը:
Ավելին՝ սպասում են, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ կհետևի նրան: Մանավանդ վերջինիս վաղեմի հովանավորը՝ Վազգեն Մանուկյանը, շատ վատ հարաբերություններ ունի վարչապետի հետ և նրա համար բարեխոսել չի կարողանա:
Հետաքրքիր է նաև այն, որ Լ. Ղազարյանի փոխարեն դեռ ոչ ոք նշանակված չէ: Իսկ այդ նշանակումից պարզ կդառնա սույն կադրային փոփոխության ողջ իմաստը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: