Հեղափոխությանը մնաց 36 շաբաթ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հիմնադիր խորհրդարանի «հեղափոխական» արշավը կայացել է: Մինչ Ազգային ժողովը դեռ արձակուրդային տրամադրությունների մեջ է, մեկ այլ «խորհրդարանի»՝ Նախախորհրդարանի անդամները հասցրին բարձրանալ Արագած լեռը:
Իրենց հայտարարության մեջ նրանք նշել էին. «Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը և Եղիա Ներսեսյանը կանդրադառնան բոլորիս ամենահուզող հարցերին՝ երբ և ինչպես պետք է հեռացնել Հայաստանում իշխող ազգուրաց ու հանցավոր ռեժիմին և դրանից հետո ինչպես մեր երկիրը տանել թռիչքային զարգացման ճանապարհով»: Սպասում էինք, որ «հեղափոխականները» հեղափոխության օր, տեղ ու ժամ կասեն, սակայն, ինչպես տեղեկացանք, հին ժամկետների փոփոխություն չի եղել։
«Երբ և ինչպեսը հայտնի է, մենք ժամկետ ենք սահմանել և ասում ենք, որ պիտի ձևավորվի ժողովրդի կամքն արտահայտող մարմին՝ Հիմնադիր խորհրդարան, մենք հիմա գործընթացի մեջ ենք, և ձևավորումից հետո ժողովուրդը համախմբվում է հիմնադիր խորհրդարանի շուրջ և կամքն է պարտադրում ռեժիմին՝ քաղաքացիական անհնազանդության մեթոդներով, որպեսզի նա հեռանա»,- մեզ հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: