«Իսլամական պետության» դրոշն այնքան էլ «մաքուր» և «նախասկզբնական» չէ
Քանի որ ընկերներս և ծանոթներս շատ են հարցնում միանգամից մի գրառմամբ անդրադառնամ «Իսլամական պետություն» («Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության դրոշին:
Ջիհադիստական սև դրոշի վրա գրված է մահմեդական Հավատո հանգանակի առաջին մասը Lā ilāha illā-llāh «Չկա աստված, բացի Աստծուց» իսկ ներքևում դրա շարունակությունը՝ Մուհամմադ մարգարեի կորած և հետագայում դրա նմանությամբ Օսման խալիֆի կողմից պատրաստված և Ստամբուլում պահվող կլոր մատանի-կնիքի (օսմաներեն՝ mühr-i şerif) կլոր պատկերի տեսքով՝ ներսում Muhammadun rasūlu-llāh «Մուհամադը Աստծո առաքյալն է» գրությամբ:
Հետաքրքրական է, որ Ստամբուլում պահվող և բնականաբար ավելի ուշ ծագում ունեցող այդ մատանի-կնիքի վրայի գրությունը, եթե կարդանք սովորական՝ վերևից ներքև ուղղությամբ, ապա կստացվի հակառակ իմաստը՝ «Աստված Մուհամմադի առաքյալն է»: Այս առումով անհասկանալի է, թե ինչու՞ գրությունը պետք է կարդալ ներքևից վերև:
Դրոշի վրայի ընտրված արաբական գրատեսակն անպաճույճ է և նույնիսկ պարզունակ՝ իբր խորհրդանշելու համար ահաբեկիչների դավանած «նախասզբնական» իսլամի ոչ գեղագրական ավանդույթը, բայց ավելի շատ հիշեցնում է ոչ թե արխայիկ kūfī-ն, այլ Աբբասյան խալիֆայությունում 10-րդ դարում ապրած ազգությամբ պարսիկ Իբն Մուկլայի կողմից հավանաբար մշակված ṯulṯ տառատեսակը, և այս առումով Իրաքի պետական դրոշի վրայի Allāhu akbar «Սստված ամենամեծն է» գրույթունն ավելի արխայիկ է:
Ինչքանով գիտեմ, մահմեդականության «նախասկզբնական» գրչության ավանդույթին հարիր չէր նաև «ալիֆ» տառի հետ «համզա» ձայնանիշի կիրառությունը, և սա նույնպես ավելի ուշ նորամուծություն է՝ արտացոլված ահաբեկիչների դրոշի վրա:
Միով բանիվ, ծայրահեղ իսլամական այս կազմակերպության դրոշն այնքան էլ «մաքուր» և «նախասկզբնական» չէ, որքան ենթադրում են դրա ջատագով ահաբեկիչները:
Հ.Գ. Դրոշի պատկերը հատուկ չեմ կցում, թող գնան գրողի ծոցը՝ իրենք էլ, իրենց դրոշն էլ:
Վարդան Ոսկանյան, ֆեյսբուք