Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին «բռնած» Արսեն Պետրոսյանին պարգև չեն տվել, քանի որ նրա եղբայրը ընդդիմադիր է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապարանի նախկին քաղաքապետ, պայմանագրային գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը՝ Արսեն Պետրոսյանն, այն անձն է, ով քաղաքացիական հագուստով զրուցել, ապա հետաքրքիր հնարքով «ձերբակալել» է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ մինչև այսօր ոչ ԼՂՀ ՊԲ-ն, և ոչ էլ ՀՀ ՊՆ-ն կապիտան Արսեն Պետրոսյանին պարգև չեն շնորհել:
Իհարկե, ՀՀ ՊՆ-ն մտադիր է դիվերսանտին «բռնած» կապիտանին պարգևատրել, բայց քանի որ Ռազմիկ Պետրոսյանն ակտիվ ընդդիմադիր է, եղբորն ավելի ցածր պարգև են պատրաստել ՊՆ-ում: Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավ հայտնեց, որ այսօրվա հերոսները չեն գնահատվում:
«Դե, կողքի օգնողին «Արիության մեդալ» են տալիս, իսկ իրեն «Բաղրամյանի» հուշամեդալի են ներկայացրել: Ավելի լավ է, ոչինչ չտան: Արսենն արդեն ասել է, որ ինքը շնորհակալ է, ոչինչ չի ուզում: Նա բացատրել է, որ պարգևի համար չի արել դա, այլ, որպես կամավոր, պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը»,- հավելել է «Ժողովուրդ»-ի զրուցակիցը»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: