Հովիկ Աբրահամյանը զայրույթ էր բեմադրում կառավարության նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի արտառոց հատվածը Հովիկ Աբրահամյանի բեմադրած զայրույթն էր: Նա մուննաթով ցուցումներ էր տալիս ենթականերին, վերջիններս էլ վախվորած էին և նվաղ ձայներով զեկուցում էին իրենց ոլորտի հարցերը: Նախ՝ Արմեն Աշոտյանին ագրեսիվ ցուցումներ տվեց, որ դպրոցում ամեն ինչ կարգի հրավիրեն ու պատշաճ դիմավորեն սեպտեմբերի 1-ին դպրոց այցելող ոչ թե երեխաներին, այլ նախարարներին:
Հատուկ բեմադրված դրվագներից էր իր մտերիմ ու գաղափարակից Գագիկ Բեգլարյանի ղեկավարած գերատեսչությանն ուղղված նախատինքը: Երբ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց որոշման նախագիծը, համաձայն որի՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցումն իրականացնող «Իջևան ՃՇՇ» ընկերության հետ պայմանագիրը հարկավոր է լուծել և կնքել մեկ այլ ընկերության հետ, ինչպես նաև որոշման նախագծով նախատեսվում է գումարի ավելացում, Աբրահամյանը, իբր լուրջ մտահոգված, դիմեց փոխնախարարին.
«Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք: Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»:
55 մլն դրամի մասին մտահոգությունը հիշեցրեց իր, ապա և ԱԺ ղեկավար Գալուստ Գրիգորիչի համար պետբյուջեից գնված թանկարժեք մեքենաների մասին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: