Ֆերգյուսոն քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. դատախազը հանդիպել է բնակիչների հետ
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը երեկ հանդիպում է ունեցել ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի բնակիչների հետ, որտեղ ոստիկանի կողմից սևամորթ դեռահասին սպանելուց հետո առաջացած անկարգությունները գրեթե երկու շաբաթ է չեն հանդարտվում: Գրում է Russian.rt.com-ը:
Դատախազը խոստացել է 18-ամյա երիտասարդի սպանության անկախ և ճշգրիտ հետաքննություն անցկացնել, ինչը նրա կարծիքով կնպաստի Ֆերգյուսոնում լարվածության թուլացմանը:
Սևամորթ երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին: Այդ միջադեպից հետո քաղաքում անկարգություններ էին սկսվել, որի հետևանքով ոստիկանների հետ ունեցած բախումների ընթացքում մի քանի մարդ էր տուժել:
Ֆերգյուսոնի բնակչության 65%-ը աֆրիկյան ամերիկացիներ են կազմում, որոնք հաճախ են բողոքում, որ գլխավորապես սպիտակամորթ ոստիկանների կողմից հաճախ են ճնշումների ենթարկվում: