Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ գնած մի շարք պաշտոնյաներ կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները:
Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեև շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում է, որ հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չի տալիս:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ տուժողների ցանկում են:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Ամիրխանյանի հետ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից: «15 օրվա ընթացքում:Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: