Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի' պիտի անեմ. Հովիկ Աբրահամյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենամյա «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով պատանի «բազեների» հարցերին' հայտարարել է.«Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի' պիտի անեմ»:
Ինչ խոսք, յուրաքանչյուր տղամարդու, առավելևս' բարձր պետական պաշտոն զբաղեցնողի համար խիստ ողջունելի է սեփական խոսքի համար դողալն ու խոստացածն ամեն գնով անելը: Խնդիրն այն է, սակայն, որ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության կարճ ընթացքում արդեն իսկ հասցրել է այնքան շատ խոստումներ տալ, որ դրանց իրագործման համար, վախենանք նրա «արյունը» չբավականացնի:
Սկսենք հենց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության 2014թ. ծրագրով խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճի խոստումից, որը դատելով անցած երեք ամիսների ցուցանիշներից' դժվար թե իրականանա, որքան էլ Աբրահամյանը դողա:
Եվ եթե այս դեպքում, բացի Աբրահամյանի անձնական կամային հատկանիշներից, առկա են բազմաթիվ այլ ազդող գործոններ, ապա իր ղեկավարած կառավարությունում գործարար-նախարարների չհանդուրժելու խոստման իրագործումն արդեն բացառապես Հովիկ Աբրահամյանի' խոսքի տերը լինել-չլինելու տիրույթում է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: