Հայաստանի արտգործնախարարի և Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարարի հանդիպումը
Հուլիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց
Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ' միևնույն ժամանակ կարևորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը:
Ընդգծվեց կանադահայ համայնքի դերը' իբրև երկու երկրներին միացնող կարևոր օղակի:
Բազմամշակութային համագործակցության համատեքստում նախարար Նալբանդյանն առանձնացրեց երկկողմ սերտ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:
Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի կողմից 2004 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի Վարչապետ Սթիվեն Հարփերի' Ապրիլ 24-ի ամենամյա ուղերձները: