Արամ Մանուկյանի տունը քանդման վտանգի տակ է. Տիգրան Պետրոսյանց
Այսօր հանրապետությունում մի շարք պատմամշակութային շինություններ են քանդվել կամ վաճառվել և օգտագործվում են այլ նպատակներով: Հիմա հերթը հասել է Արամ Մանուկյանի տանը: Վերջինս գտնվում է Արամի 9-ը հասցեում: Ժամանակին գործիչն ապրել է շենքի առաջին հարկում: Շենքը վաղուց արդեն վաճառված է: Մեծ է հավանականությունը, որ այն կքանդվի:
«Շենքի հանդեպ մեր մտահոգությունները նոր չեն: Դրանք առաջ եկան այն ժամանակից, երբ Հայաստանի անկախացումից հետո Արամի 9 շենքի վրա ցուցանակ կախվեց, որի վրա գրված էր` այդ շենքում ապրել Արամ Մանուկյանը: Ցանկացած երկիր պետք է իր երկրի խորհրդասյուները հարգի, իսկ Արամ Մանուկյանի տան ներսում արդեն ծառեր են սկսել աճել, որոնք մինչև երկրորդ հարկ են բարձրացել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Շենքը 2005 թվականից ընգրկվել էր «Հին Երևան» նախագծում, որի շրջանակներում պետք է մի տարածք հատկացվեր պատմամաշակութային բոլոր շինությունների վերակառուցման համար, մինչդեռ մինչ այսօր այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն տարվել: Բանախոսը նշեց նաև, որ տարիներ առաջ շենքը գնել է «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը, իսկ հիմա այն վաճառվում է և թե ինչ նպատակով հետագայում կօգտագործվի շենքի տարածքը պարզ չէ:
Վարդուհի Ստեփանյան