Վարդավառը եկեղեցու կողմից կոչ է մարդկանց՝ բարեփոխվելու և ավելի լավը դառնալու. քահանա
Այսօր մենք նշում ենք Վարդավառը: Շատերիս համար զվարճանք դարձած այս տոնը մեծ խորհուրդ ունի: Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Սա Քրիստոսի պայծառակերպության տոնն է:
Քրիստոսն առաջին անգամ իր էությունը ցույց տվեց Թաբոր լեռան վրա՝ հայտնվելով իր աշակերտներին լուսավորված: Նրա հետ էին Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալները: Վերջիններս իրենց օրինակով մեզ են ցույց տալիս, թե ինչպես կարող է մարդու կյանքը փոխվել: Առաքյալներն իրենց նկարագրով մեզ են ներկայացնում պայծառակերպման օրինակները: Պետրոս առաքյալն ընկլավում է որպես հավատավոր մարդ: Նա էր այն վեհը, որի վրա պետք է կառուցվեր Քրիստոսի եկեղեցին: Հովհաննես առաքյալը սիրող մարդու օրինակ է ներկայացնում, իսկ Հակոբոսը՝ համբերության: Հավատք, սեր, համբերություն. սրանք են այն խորհուրդները, որոնց օգնությամբ հնարավոր է շատ բան փոխել:
Ավետարանական այս պատմության ընթերցումից էլ եկեղեցին սկսում է Վարդավառ տոնի պատարագը: Տոնից առաջ ընդունված է պահք պահել: Եթե խոսքը սննդային պահքի մասին է, ապա մարդիկ միայն բուսական ծագում ունեցող կերակուրներ և միրգ են օգտագործում: Այսօր պահոց կերակուր է համարվում նաև խնձորը, ինչը ավելի շատ ժողովրդական սովորույթ է, մինչդեռ եկեղեցին սրան նորմալ է վերաբվերվում, ուստի մարդիկ պահքի ժամանակ կարող են օգտագործել նաև խնձոր:
Շատերը չեն կարող Վարդավառը պատկերացնել առանց ջրելու և ջրվելու: Եկեղեցին մարդկանց կողմից ներմուծված այս սովորույթին վատ չի վերաբերվում: «Եկեղեցին կողմ է ազգային ավանդական բոլոր գեղեցիկ տոներին: Վարդավառին ջրելն իհարկե լավ է, բայց սա ևս պետք է զուսպ լինի: Թող լինի ցողել, ոչ թե դույլերով այն աստիճան ջրել, որ դիմացինը վատ զգա: Տոնը պետք է բերի տոնական մթնոլորտ, ուստի ես կոչ կանեմ բնակչությանը շատ համեստ օգտագործել ցողելու արարողությունը»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդական Տեր Կարապետը:
Եկեղեցին տոնի նշման իդելական տարբերակն այսպիսին է տեսնում՝ «Պետք է մասնակցել առավոտյան պատարագին, որը սկսվում է ժամը 11:00-ին և շարունակվում մոտավորապես մինչև ժամը 13:30-ը: Միայն ներկա գտնվելը բավական չէ, պետք է նաև մասնակցել պատարագին: Հաճախ մարդիկ ուղղակի կրավորական ձևով են ներկա լինում պատարագին, մոմ են վառում և հեռանում, մինչդեռ ամենակարևորը մասնակից լինելն ու հաղորդություն ստանալն է. սա է տոնի մեխը: Եթե պատարագին չեն մասնակցում, ապա տոնը խորհուրդը կիսատ է մնում»,-հավելեց զրուցակիցս:
Ըստ տեր Կարապետի՝ տոնի գլխավոր իմաստը անընդհատ բարեփոխվելն է, պայծառակերպվելը, ուստի տոնը եկեղեցու կողմից կոչ է մարդկանց՝ բարեփոխվելու և ավելի լավը դառնալու:
Վարդուհի Ստեփանյան