Վարդավառը մաքրագործման տոն է, ուստի պետք չէ սուր ճոճել ջրելու սովորույթի վրա. Վարդան Դևրիկյան
Վարդավառ տոնի խորհուրդը մեծամասնությունը համարում է մաքրագործվելը՝ ջրվելու միջոցով: Ըստ եկեղեցու՝ Վարդավառը պայծառակերպության տոն է, որը հնարավորություն է ընձեռում մարդուն մաքրագործվել հոգեպես: Ունենալով նախաքրիստոնեական ծագում՝ տոնը պահպանվել է մինչև օրս և տաղավար տոների շարքում ամենասիրվածներից է:
«Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, ոչ միայն այն պատճառով, որ հայ ազգի զավակների եկեղեցին է, այլ այն պատճառով, որ մեր եկեղեցին իր մեջ պահել է շատ ազգային սովորություններ: Երբեմն տգիտաբար ասում են, որ Գրիգոր Լուսավորիչը վերացրեց մեր նախաքրիստոնեական սովորույթները, բայց մեր ժողովրդի նախաքրիստոնեական շրջանի բոլոր կենսունակ երևույթները հոգևոր նորովի իմասնատվորում ստացան եկեղեցու մեջ: Եվ սրա ամենաբնորոշ օրինակը հենց Վարդավառն է՝ մնացած տաղավար տոների հետ մեկտեղ»,-խոսելով տոնի կարևորությունից՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյան:
Ըստ բանախոսի՝ անհնար է գտնել հայկական մի սրբավայր, որի հիմքում չի եղել նախաքրիստոնեկան մեհյան: Ազգայինը և եկեղեցականը միահյուսված են, մյուս կողմից էլ ժողովրդի նիրհող գիտակցության մեջ հին աստվածները չեն մեռնում, ուստի հնուց եղած հավատալիքները փոխանցվում քրիստոնեություն՝ նորովի իմաստավորվելով:
Ինչ վերաբերում է ջրի խորհրդին, ապա ջուրը մաքրող հատկություն ունի, հին աշխարհում բոլոր ծեսերը կամ ջրի կամ օծման միջոցով էին կատարվում: «Հնում մարդիկ Վարդավառի օրը, երբ հանդպում էին չջրված մարդու, անպայման ջրում էին, որպեսզի նա էլ մաքրագործվի: Այնպես որ ջրելու սովորույթի վրա պետք չէ սուր ճոճել: Եթե մեր եկեղեցին չունենար այս տոները, ապա կվերածվեր կոսմոպոլիտ քրիստոնեության և կդադարեր ազգային եկեղեցի լինելուց, այնպես որ բոլորին խորհուրդ կտամ չխուսափել այդ օրը մի լավ ջրվելուց»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան