Հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցներին: Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ հայկական կողմը չի արձագանքել ադրբեջանական կողմի այն կրակոցներին, որոնք եղել են անկանոն, սակայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը կանոնավոր կերպով կրակահերթ է բացել սահմանի ուղղությամբ, հայկական կողմն անցել է հակահարձակման և իր հերթին կրակ բացել նրանց ուղղությամբ և չեզոքացրել թշնամուն:
«Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Բանախոսը նաև անդրադարձ կատարեց այն հարցին, որ այս օրերին գյուղացիները բերքահավաք են իրականացնում, և այդ կապակցությամբ նշեց, որ այս օրերին իրենք պարտաճանաչ կերպով գտնվում են գյուղացիների կողքին: «Հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: