Ո՞րն է համշենահայերի համար առաջին խնդիրն այսօր. պարզաբանում է համշենահայը
Այսօր Թուրքիայում ապրում է 35-40 հազար համշենահայ, որի գերակշիռ մասը`70 տոկոսը, ապրում է Հոպայում: Համշենահայերն այսօր մի շարք խնդիրներ ունեն, որոնցից ամենակարևորը համարում են լեզվի պահպանման խնդիրը:
«Ցեղասպանությունից մինչ օրս, Թուրքիայի կողմից ոչ միայն համշենահայերի, այլ ասորիների, հույների և Թուրքիայում ապրող այլ փորքամասնությունների հանդեպ վարվում է ինքնությունը մոռացության տալու քաղաքականություն: Բնական է, որ համշենահայերը ևս չէին կարող անմասն մնալ այս քաղաքականությունից: Լավն այն է, որ համշենահայ երիտասարդները, կրթություն ստաալով, սկսում են արժևորել հայկական արմատները և մշակույթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայ Ասլան Ջանջըին:
Համշենահայերը որոշ քայլեր են ձեռնարկել ազգապահպանության ուղղությամբ: Բացվել է «Հատիկ» կազմակերպությունը, որն իր առջև նպատակ է դրել պահպանել համշենական մշակույթը և ինքնությունը: Կազմակերպությունը պարբերաբար միջոցառումներ և փառատոններ է կազմակերպում` ուղղված լեզվի պահպանմանը:
Բանախոսն այս գործում ամենակարևորը համարում է համշենահայերի գիտակցության մեջ հայ լինելու գաղափարի արթուն մնալը: «Ցավով եմ նշում, որ համշենահայերի մի հատվածն այսօր չի խոստովանում, ընդհակառակը` հերքում է հայկական արմատներ ունենալու փաստը: Միևնույն ժամանակ հազվադեպ են այն օրինանակները, երբ համշենահայերն իրենց երեխաներին հայկական անուններ են դնում»,-հավելեց Ասլան Ջանջըին:
Վարդուհի Ստեփանյան