Արմավիան վճարում է «չբողոքողներին»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը: Ընդ որում, աշխատավարձեր ստացել են այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակիցներից. «Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը:
Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել: Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորտուղեկցորդներն ու ինժեներները»: «Ժողովուրդ»-ը ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձեց պարզել, թե նախկին աշխատակիցներին ում միջոցներով են վճարել աշխատավարձերը.
«Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը: Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ և ինչքան կվճարվի»: Մեր այն հարցին, թե ընկերությանը պատկանող ինքնաթիռները վաճառվել են, թե ոչ, պատասխանեց. «Դեռ ունենք վաճառքի հանված ինքնաթիռ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: