Ո՞ւմ «դաբրոյով» էր քաղաքապետը որսի դուրս եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատերին հետաքրքրում էր այն, թե ինչ գործ ուներ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, այն էլ երեկ՝ լուսադեմին, ժամը 6:30-ին, Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին: Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղաքապետ Խլղաթյանը, ոչ ավել ոչ պակաս, իր արձակուրդն օգտագործել է որսով զբաղվելով, իսկ նշված ժամը շատ հարմար է որսի համար:
Չնայած Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն ասել էր, որ այդ հատվածում, որտեղ պայթել է ականը, որսն արգելվում է, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե Արմավիրի քաղաքապետը ում խնամին է, նրա համար որէ արգելք չէր կարող լինել արգելված վայրում որսի դուրս գալ և այն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Իսկ Խլղաթյանի հովանավորը, ըստ մամուլում բազմիցս շրջանառված լուրերի, ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Դեռևս 2013 թվականին պարզվել էր, որ «Արմավիր Շին» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն են, ովքեր խնամիական հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Ուստի հաշվի առնելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով վերջին ամիսներին բավականին լուրջ ներդրումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և մեծ հարգանք է վայելում, ապա նրա խնամի Խլղաթյանի համար ոչ մի արգելք չէր կարող լինել որսի դուրս գալու համար»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: