ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել: «Հրատապ» ներկայացված այդ հարցազրույցում, սակայն, բացի բոլորիս հայտնի մտահոգիչ իրողությունների արձանագրումից և ներկայիս իշխանությունների հասցեին առավել կոշտ քննադատությունից, որևէ հրատապ ասելիք չկար: Համենայնդեպս' այնպիսի ասելիք, որի հեղինակը չէր կարող լինել ցանկացած շարքային ընդդիմադիր գործիչ:
Արձանագրելով Ղարաբաղի շուրջ օրեցօր մտահոգիչ դարձող իրավիճակը' Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իր նախորդ հարցազրույցների, այս անգամ դրսևորում է խիստ զգուշավորություն' բավարարվելով սահմանային միջադեպերի հետ կապված վիճելի դիտարկմամբ, թե' Հայաստանի արձագանքը զուսպ և անհամաչափ է, քանի որ «հայկական կողմը զգուշանում է»: Լավ է՝ չի ասվում՝ «վախենում» է:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգմանը, ապա այստեղ էլ, վերանայելով անդամակցության անշրջելիության մասին իր նախորդ պնդումները' Տեր-Պետրոսյանը հիմա էլ պնդում է, թե ձգձգման պատճառը Հայաստանի իշխանություններն են, որոնք «չեն գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին»: Այդպիսով' փաստորեն Տեր-Պետրոսյանն անուղղակիորեն ընդունում է, որ իր կանխատեսման մեջ սխալվել է և անդամակցության գործընթացը կարող է և շրջելի լինել, թեև' դրա հետևանքներն, անշուշտ, բավականին ծանր կլինեն մեզ համար»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: