Պղպեղի օգտակար հատկությունները
Պղպեղազգիների ընտանիքի առավել հայտնի տեսակները երեք են՝ սև, Կուբեբի և պղպեղ երկար։ Երեքն էլ 4-9 մ բարձրությամբ մագլցող բույսեր են։ Պղպեղ երկարը բնության մեջ հանդիպում է Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Մոլուկյան և Մեծ Զոնդի կղզիներում։
Պտղաբույլերի երկարությունը մոտ 5 սմ է, տրամագիծը' 0,5 սմ, դրանք բաղկացած են մանր, կանաչավուն կիպ սերտաճած սերմերից։ Պտղաբույլը հավաքում և չորացնում են նախքան հասունանալը։ Պղպեղ երկարի չորացրած պտղաբույլը շատ ավելի կծու է, քան պղպեղ սևը, և դա է պատճառը, որ հազարամյակներ առաջ հարգի է եղել հին Պարսկաստանում, Հայաստանում, Առաջավոր Ասիայում, Հունաստանում և Հռոմում։
Միջնադարում պղպեղ երկարի առևտուրը մեծ ծավալներ է ունեցել, իսկ հաջողակ առևտրականներին անվանել են «Պիպերացի»։ Մեր օրերում պղպեղ երկարն օգտագործվում է հիմնականում այն վայրերում, որտեղ հանդիպում է բնության մեջ, և Հեռավոր Արևելքում։ Պղպեղ Կուբեբի հայրենիքը Մեծ Զոնդի կղզիներն են (Ջավա, Սումատրա և այլն), որտեղ այն մշակվում է։ Հնում ունեցել է մեծ պահանջարկ' որպես համեմունք և բուժիչ հատկություններ ունեցող բույս։