Մամիկոն Խոջայանի մոտ առողջական և հոգեկան վիճակի փոփոխություն չկա
Ինչպես տեղեկացրել էինք, Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջայանը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին, իսկ մարտի 4-ին Ադրբեջանը նրան ազատ էր արձակել:
Գերևարվածը Ադրբեջանից վերադարձել է վնասվածքներով, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժզննում է ստացել, ենթարկվել բազկոսկրի վիրահատության:
Մամիկոն Խոջայանի առողջական և հոգեկան վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նրա աղջկա՝ Հասմիկի հետ, ով մանրամասն ներկայացրեց հոր վիճակը:
«Ոչ առողջական, ոչ հոգեկան փոփոխություն չկա հայրիկի մոտ: Մեզ չի ճանաչում, անուններով չի դիմում, պարզապես գիտի՝ իր երեխաներն ենք: Մենք էլ անկախ ամեն ինչից պարտավոր ենք, և պահում ենք մեր ծնողին»,- ասում է Հասմիկը:
Հասմիկից տեղեկացանք, որ հայրը ողջ օրը պարկած է անց կացնում, նորմալ սնվում է, բայց կյանքի նորմալ հունին չի կարողանում վերադառնալ:
Մամիկոն պապիկը այժմը գտնվում է Շամշադինում՝ իր տանը, սակայն դա էլ ոչ մի դեր չի խաղում, որ նա իրեն պաշտպանված զգա ու շփվի հարազատների հետ:
«Արսենն էր եկել պապին տեսության, բայց չճանաչեց, նույնիսկ չի գիտակցում՝ ինչ է կատարվել»,-ասում է Հասմիկը:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հիվանդին որևէ կազմակերպություն տեսության չի եկել, օգնություն չի տրամադրել:
«Հայրիկին անհրաժեշտ բաները ես եմ Բերդից ուղարկում, Շամշադինից միշտ չէ, որ կարողանում ենք գտնել` ինչ պետք է, եղածն էլ՝ թանկ է բավականին»,-ավելացրեց Հասմիկը:
Ադրբեջանցինչերը այնպես են տանջել 77-ամյա ծերունուն, որ նա մինչև օրս կրկնում է հետևյալ բառերը. «Ցավումա, ին՞չ եք անում», «Պրանված կենամ, մի արեք, ուզում եմ քնեմ և այլն»:
Կարինե Գևորգյան