Պակիստանում հարձակում են կատարել լրագրողի վրա, ով սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հարցազրույց է վերցրել Ուսամա բեն Լադենից
Պակիստանում հարձակում են գործել Geo News հեռուստաընկերության լրագրողի վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Dawn-ին:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները` հանցագործները մոտոցիկլների վրայից կրակ են արձակել լրագրողի մեքենայի ուղղությամբ, երբ վերջինս օդանավակայանից շարժվում էր դեպի խմբագրություն:
Հարձակման արդյունքում լրագրողը ստացել է հրազենային վնասվածք` մարմնի ստորին հատվածներում: Ներկա պահին լրագրողը հոսպիտալացվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ սա լրագրողի վրա 2-րդ հարձակումն է: 2012 թվականին «Թեհրիհ-ի-թալիբան Պակիստան» շարժման գրոհայինները ականապատել էին լրագրողի մեքենան: Բարեբախտաբար համապատասխան գործողությունների արդյունքում մեքենան անվտանգայնացվել էր:
Համիդ Միր անունով այդ լրագրողը հայտնի դեմք է համարվում, քանի որ նա 3 անգամ հարցազրույց է վերցրել համար առաջին ահաբեկիչ Ուսամա բեն Լադենից: Նա առաջին լրագրողն է եղել, ում հաջողվել է խոսել «Ալ Քաիդայի» նախկին առաջնորդի հետ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: