Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Շտապօգնությունում 22 տարեկան բժիշկ չի աշխատում․ մայիսի 4-ին տեղի ունեցած դեպքի մասնակիցը եղել է շտապօգնության բուժակը, որի աշխատանքային գործունեությունն այս պահին դադարեցված է։ Այս մասին NEWS.am-ի հեը զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Երևանի 20-ամյա բնակչուհու ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կինը զանգել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ մայիսի 4-ին զանգահարել է բժիշկին և հայտնել, որ իրեն վատ է զգում:
Բժիշկն իր սեփական մեքենայով մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ: Մեքենայի մեջ կատարել է ներարկում, միացրել է կաթիլային, որից հետո «ձեռքերին ազատություն է տվել», իբրև թե ստուգում է կատարում, բռնի ուժով համբուրել է իրեն: Շտապօգնության տնօրենը շեշտում է, որ մայիսի 4-ին բուժակը եղել է աձակուրդում: 20-ամյա աղջիկը ապրիլի 29-ին երկու անգամ կանչ է գրանցել: Երկու անգամ էլ նույն բրիգադն է սպասարկել: «Չգիտեմ, թե ինչ հանգամանքներում, կանչի ժամանակ բուժակն ու աղջիկը փոխանակվել են հեռախոսահամարներով: Բուժակն ինձ ասել է, որ աղջիկն է խնդրել համարը: Օրեր անց` մայիսի 4-ին, դարձյալ բուժակի խոսքով, աղջիկը զանգել է և հայտնել, որ իրեն վատ է զգում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել` կպարզվի քննության ընթացքում, բայց ես բուժակին խնդրել եմ, որպեսզի այս ընթացքում ազատման դիմում գրի»,- նշեց Ռուբեն Գևորգյանը:
Անկախ հանգամանքներից, Շտապօգնության տնօրենի համար անընդունելի է, որ կանչի մեկնած անձնակազմի որևէ մեկը աշխատանքի ժամին կարող է հեռախոսահամար վերցնել: Նրա խոսքով` բուժակը չի աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գործը չի ավարտվել: Եթե պարզվի, որ այս դեպքի հետ կապված բուժակը որևէ մեղավորություն չունի` կվերականգնվի աշխատանքում: «Այնքան ժամանակ չի աշխատի՝ մինչև կբերի իրավասու մարմնի որոշումը։ Հակառակ դեպքում, այս ոլորտում աշխատելու իրավունք նա չունի»,- եզրափակեց Ռուբեն Գևորգյանը: Ի դեպ, Շտապօգնության տնօրենի խոսքով, գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել։ Բուժակը Ռուբեն Գևորգյանից է իմացել, որ 20-ամյա աղջիկն իր դեմ բողոք է ներկայացրել: