Կլիմայական ճգնաժամն ուժեղացնում է կառավարական ճնշումը կղզային պետություններում. հետազոտություն
Նոր ուսումնասիրության համաձայն՝ կղզային երկրներն ավելի խոցելի են բնական աղետներից հետո կառավարության բռնաճնշումների նկատմամբ, եւ մտավախություն կա, որ կլիմայական ճգնաժամի պատճառով եղանակային իրադարձությունների աճը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում ավտոկրատիայի աճի։
Journal of Development Economics-ում հրապարակված ուսումնասիրությունն անցկացվել է Խաղաղ օվկիանոսում, Հարավարեւելյան Ասիայում եւ Կարիբյան ավազանում տեղակայված 47 փոքր կղզային պետություններում 1950-2020 թվականներին։ Գնահատվել են ծայրահեղ եղանակային իրադարձությունները, ինչպիսիք են ցիկլոնները եւ փոթորիկները, եւ երկրում ժողովրդավարության մակարդակը:
Հետազոտողները օգտագործել են Polity2 ցուցանիշը՝ միջազգայնորեն ճանաչված ցուցանիշ, որը երկրները դասակարգում է բացարձակ ոչ ժողովրդավարականից մինչեւ հասուն ժողովրդավարական սանդղակով՝ ուսումնասիրելու եղանակային ծանր պայմանների ազդեցությունը ժողովրդավարական ազատությունների վրա:
Նրանք պարզել են, որ Polity2-ի միջին ցուցանիշը փոթորկից հետո յոթ տարվա ընթացքում նվազել է մոտ 25 տոկոսով, ընդ որում, տուժել են քաղաքացիական ազատությունները, քաղաքական ազատությունները եւ խոսքի ազատությունը: