Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդով-կրտսերը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը մեկնել է Գերմանիա՝ այցելելու տեղի կլինիկա։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում գրանցված turkmen.news պորտալի աղբյուրը։
Նշվում է, որ հունիսի 21-ին Բերդիմուհամեդով-կրտսերը Աշխաբադից Մյունխեն է մեկնել EZ-A780 համարի կառավարական ինքնաթիռով, որից հետո անմիջապես գնացել է քաղաքի կլինիկաներից մեկը։ Միաժամանակ, պետության ղեկավարի՝ բժշկական հաստատություն դիմելու կոնկրետ պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ Թուրքմենստանի նախագահը կարող է հետ թռչել հունիսի 23-ին։
Պորտալը թուրքմենական հեռուստատեսության երեկոյան լուրերը համարում է երկրում պետության ղեկավարի բացակայության անուղղակի վկայություն։ Նշվում է, որ «Վաթան» ծրագրում նախօրեին Բերդիմուհամեդովի մասնակցությամբ ոչ մի ռեպորտաժ չի եղել, ինչը շատ անսովոր է այս պետության համար։ Հաղորդավարը միայն երկու շնորհավորանք է կարդացել պետության ղեկավարի անունից։