Կա տարբերություն. ՌԴ-ն ասում է՝ Ղարաբաղի կարգավիճակը թողնենք ապագային, ԵՄ-ն ասում է՝ հիմա լուծենք. Բագրատյան
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ կա մրցակցություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն է:
«Պետք է նախ իրենց արած առաջարկությունների որակը գնահատենք: Նրանց առաջարկներում կա տարբերություն: Ռուսաստանը ելնում է նրանից, որ այսօր Ղարաբաղի կարգավիճակ չպետք է քննարկել, պետք է թողնել ապագային: Դեռ երեք տարի կա, բայց Ռուսաստանն արդեն հայտարարեց, որ դիմելու է մի քանի տասնյակ տարով միջանցքի ժամկետը երկարացնելու համար: ԵՄ-ն ասում է՝ եկեք լուծենք Ղարաբաղի հարցը, Ալիեւն ասում է Ղարաբաղ չկա: Նիկոլը երկչոտ բաներ է անում:
ԵՄ-ն ասում է՝ հարցը պետք է լուծենք եւ այդ միջանցքից ռուսական զորքերը պետք է հանենք: Ալիեւին էլ ասում են՝ գնա Ղարաբաղի հայերի հետ լեզու գտի, ինչը Ալիեւի համար անթույլատրելի է:
Հարց է ծագում՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ի՞նչ զորքեր են ուզում բերել այդտեղ տեղադրել: Ասում են՝ ՆԱՏՕ-ի զորքեր, ակնհայտ է, որ դրանք թուրքական զորքեր կլինեն: Ռուսաստան էլ ասում է՝ ոչ մի լուծում թող չլինի, իմ զորքերը կան, թող մնան: Այնպես չէ, որ Ռուսաստանը հայերի կողմից է, բայց այսօր Ռուսաստանի ասածը Ադրբեջանի համար ավելի անընդունելի է, քան ԵՄ-ի ասածը: Այստեղ գաղտնիքներ չկան:
Այդ մրցակցությունը վատ է մեզ համար: Ասել, որ մենք այդտեղ մանեւրելու միջակայք ենք ստանում, այդպես չէ: Մանեւրելու մասին խոսակցությունները հայկական կրուտիտներ են, որի հեղինակը հենց Փաշինյանն է: Ինքը Եվրոպային էլ է ասում՝ այո: Ես չեմ հավատում, որ Հայաստանը խնդիր է դրել Արցախի հարցը լուծելու, ինքն ուզում է ազատվել Արցախից, բայց այնպես ազատվել, որ մեղքը գցի ԵՄ-ի վրա, Ռուսաստանի վրա եւ այլն»,-հայտարարեց Բագրատյանը: