Ինչ-որ մեկն առևտրային կետ ա դրել Ամիրյանի վրա. թողնենք, ապօրինի շինություն կսարքի մայթին. Ի՞նչ ենք անում. քաղաքապետ
Փողոցային առեւտրի հետ կապված տեսչական մարմինը գրեթե ոչ մի լիազորություն չունի, հատկապես ֆիզիկական անձանց նկատմամբ որեւէ վարչարարություն չենք կարողանում իրականացնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցի նշեց քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ հովիկ Սաֆարյանը:
Քաղաքապետի հարցրեց. «Կենտրոնով ման էի գալիս, ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքը ինչ-որ մեկը առեւտրային կենտրոն է սարքել: Վստահ եմ, որ ոչ թե ընտանիք է պահում, այլ բիզնես է դրել; Ի՞նչ ենք անում դրա հետ»:
Ի պատասխան Սաֆարյանն ասաց. «Ճանաչում ենք այդ անձնավորությանը, արդեն 10 մլն դրամից ավել տուգանել ենք ու բազմիցս: Պայմանավորվել ենք ոստիկանության հետ, ուժեղացված ծառայություն ենք այս շաբաթ սկսում»:
Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Ես կարծում եմ, որ եթե ամենօրյա ծառայությունը մեկ ամիս լինի, մեկ ամիս հետո չենք ունենա, բայց ոնց հասկանում եմ, արդեն երրորդ ամիսն է, որ այնտեղ բան են անում:
Մայթը վերցրել են, քաղաքացիների ազատ տեղաշաժը խանգարում են: Կարծում եմ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է կազմակերպել, որ այդտեղ այլեւս առեւտուր չիրականացվի: Մի քիչ էլ թողենք, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»:
Վարչության պետի խոսքով, այդ անձը անվճարունակ է, ինչքան տուգանում են՝ ազդեցություն չկա, բայց լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն: