Արամը գործեց Շուշիում և այնքա՛ն սիրվեց, իսկ հակաԱրամի օրոք Շուշին տվեցին թուրքին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Այսօր «Հայաստան» դաշինքի անդամները Արամ Մանուկյանի արձանի մոտ հարգանքի տուր մատուցեցին Առաջին Հանրապետության հիմնադիրների հիշատակին: Դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը անդրադարձավ այսօրվա խորհրդին և նշեց՝ մայիսի 28-ը ավանդական տոն է եղել հայ ժողովրդի համար և լեփ-լեցուն է եղել Սարդարապատը մարդկանցով, իսկ այսօր հուշահամալիրը շրջափակված էր ոստիկաններով և ոստիկանական մեքենաներով:
«Մարդկան թույլ չէին տալիս իրենց հարգանքի տուրքը մատուցել, և մի խումբ գլխիկորներ միայն այդ ոստիկանական շղթաների մեջ կարողանում էին քայլել, վերջին ամիսներին այլևս զրկված են երկրում ազատ քայլելու հնարավորությունից: Այսօր՝ Արամ Մանուկյանի արձանի առջև հիշում եմ, թե մեր պետականության կերտիչը ինչպես սկսեց անկախության երթը ու մեծ նավարկությունը, որն անցավ տարիներ և տասնամյակներ շարունակ ու եկավ խաղաղ մի ընթացքի, իսկ վերջին տարիներին մտցվեց այն փոթորիկը, որի մեջ նավը տրվեց ժայռից-ժայռ, քանի որ նավապետը խենթ էր և կառավարել չգիտեր»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա նաև նշեց՝ Արամ Մանուկյանը կարողացել է չեղած պետության պայմաններում հանրությանը ուղղորդել և տանել հաղթանակի:
«ՀակաԱրամը, որը գործեց անցնող 3 տարիներին, Արամ Մանուկյանի գաղափարներին հակառակ իր տրամադրության տակ ունենալով կայացած պետական համակարգ, անվտանգային լիարժեք համակարգ, զինված ուժեր, հանգեցրեց 44 օրյա պատերազմի, իսկ հետո կապիտուլյացիայի: Արամը գործեց Շուշիում և այնքան սիրվեց, որ մինչև հիմա քննարկում են՝ Արամը շուշեցի՞ է, թե՞ կապանցի, իսկ հակաԱրամի օրոք Շուշին տվեցին թուրքին»,- նշեց Գեղամ Մանուկյանը: