Միգրացիա և արտահերթ ընտրություններ. Hraparak.am
Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է անօրինական միգրանտների դեմ պայքարի խստացումների մասին՝ սպառնալով, որ այդ հարցը չլուծելու դեպքում այն երկրները, որոնց քաղաքացի են ապօրինի միգրանտները, կպատժվեն ընդհուպ սահմանների փակմամբ: Ռուսաստանում հաստատված տվյալներով բնակվում է 61 000 անօրինական բնակվող հայ միգրանտ: Նրանք ՌԴ-ից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը, այս մասին գրում է Hraparak.-am-ը:
«Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացումը և տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների թեկուզ ժամանակավոր վերադարձը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ առաջիկա արտահերթ ընտրությունների վրա»,- մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում պատմաբան-քաղաքագետ Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ աշխատանքը կամ ապրելավայրը կորցնելուց հետո մեր հայրենակիցների մոտ հայրենիքում ապրելու և աշխատելու որոշակի հույսեր կարթնանան:
Մյուս կողմից քաղաքական ուժերը պետք է հստակ գիտակցեն այն հանգամանքը, որ Հայաստանը պատերազմից հետո գտնվում է ծանր վիճակում, ինչը կանդրադառնա ընտրությունների արդյունքների վրա: Մարդկանց պասիվությունը և ընտրություններին բնակչության 20-30%-ի մասնակցությունը կարող է շահեկան լինել միայն իշխանության համար: Իշխող խմբավորման կողմից օգտագործվող պետական միջոցներն ու իշխանական լծակները կարող են արդյունք տալ, եթե լինի ցածր ակտիվություն և հնարավորինս շատ ընտրողներ մինչ ընտրությունը արտագաղթեն երկրից:
Բնականաբար մեր երկրից կատարվող աշխատանքային միգրացիայի մեջ գլխավորը Ռուսաստան կատարվող (մոտ 200 000 մարդ) շարժն է:
61 000 հայ միգրանտի վերադարձը (որոշ հաշվումներով իրական թիվը առնվազն 3 անգամ շատ է), և նրանց ակտիվ մասնակցությունը ընտրություններին կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
2018թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակչության 48%-ը: Սա այն պայմաններում, երբ տարածված էր հեղափոխական էյֆորիկ մթնոլորտ: 2021թ. ընտրություններին մասնակցելու տեսանկյունից պատկերը շատ ավելի վատ է:
«Անհրաժեշտ է, որ քաղաքական դաշինքներն ու կուսակցությունները ծայրահեղ շատ աշխատեն մարդկանց հետ, հանդիպումներն ու քննարկումները կրեն պարբերական բնույթ: Քաղաքական թիմերը պետք է համալրվեն ակտիվ, գիտակ և նոր գործիչներով:
Հայաստանի ապագայի և առկա խնդիրների լուծման վերաբերյալ ռեալ և իրագործելի ծրագրեր են պետք:
2018թ.-ի ընտրությունները մեր բոլորի համար ճակատագրական եղան և պետք է գիտակցել, որ 2021թ. արտահերթը ավելի կարևոր է լինելու , նույն սխալները չկրկնելու և արմատական վերափոխումներ կատարելու հնարավորության տեսանկյունից»,-ընդգծում է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ նշելով, թե հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար է հրաժարվում պաշտոնից։