ԱՄՆ-ում ռոբոտներն օգնում են տոնական բացիկներ գրել
Առաջիկա տոներին ընդառաջ ԱՄՆ-ում թափ է հավաքում ռոբոտների օգնությամբ տոնական բացիկներ գրելու ծառայությունը։ Ուղերձն ուղարկելու համար բավական է ներբեռնել հավելվածը, կամ այն պատվիրել նոր ծառայության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մեքենաներն օգտագործում են գրիչ եւ ավելի ճշմարտանման լինելու համար նրանց կարելի է այնպես ծրագրավորել, որ նամակում հայտնվեն թանաքի հետքեր եւ կաթիլներ։ Ձեռագրի իմիտացիա ստեղծելով՝ ռոբոտը տառերի արանքում տարբեր ինտերվալներ է թողնում։
Ինչպես The Washington Post-ին պատմել է Handwrytten ծառայության հիմնադիր Դեւիդ Վակսը, նրա ռոբոտները գրում են կապույտ մածուկով, քանի որ «դա ավելի իրական է, քան սեւը»։ Օֆիսում աշխատում են 80 «գրիչներ» եւ հաշվի առնելով արտադրության աճող տեմպերն ամեն շաբաթ հարկ է լինում ավելացնել եւս 2-3 նոր «աշխատող»։ Ամեն ամիս գրվում են մոտ 100 հազար նամակներ եւ բացիկներ, բայց դեկտեմբերին, առաջիկա Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա պատճառով, գործը շատանում է։ Վերջին ամսում լրացվում է տարեկան շրջանառության 15%-ը։ Հարահոսն աշխատում է շուրջօրյա։
Նորույթի քննադատները պնդում են, որ ոչինչ չի կարող փոխարինել ձեռքով գրված ավանդական շնորհավորական բացիկին, եւ այդ ծառայությունը համարում են անօգուտ։ Կողմնակիցները պատասխանում են, որ կարեւոր չէ, թե ինչպես է գրված նամակը, կարեւորը բովանդակությունն է։ Որպես լրացուցիչ փաստարկ, բերվում է գինը՝ 3 դոլարից քիչ ավել մեկ բացիկի համար։