Խաչատուր Պապիկյանը՝ ըմբշամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ և վստահ հաղթանակ տարավ 10:3 հաշվով: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը։
Խաչատուր Պապիկյանը (74 կգ) մարտի 9-ին էր մտել պայքարի մեջ և բուլղարացի (17:8) ու մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել էր ռուս Նիկիտա Սուչկովին:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ելույթն ավարտեց մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Մարտի 9-ին ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել: