Մենք այս 3 ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ 7 միլիարդ դրամ. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի facebook-ի ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերության գործունեությանը.
««Սանիթեք»ը լավ չի աշխատում, ես ամեն օր այդ ամենի մասին խոսում եմ: Ցավոք սրտի, կապում է պայմանագիրը, ենթադրենք խզեցինք, մոտակա ընկերությունը, որը կգա Հայաստան՝ 6 ամիս է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե 4-5 օր Երևան քաղաքում չկատարվի աղբահանությունը, կհասկանաք, որ դուք աղբահանության կրիզիս չեք տեսել: Ոչ մի օպերատոր չի գա գործող պայմանագրի ներքո: Առաջին անգամ քաղաքապետարանն ունի իր տեխնիկան: Ենթադրեք մեծ քանակությամբ ձյուն եկավ, մենք պետք է ունենանք մեծ տեխնիկա, որ այս հարցը լուծենք: Մենք այս 3 ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ 7 միլիարդ դրամ»:
Քաղաքապետը նշել է, որ այսօր կա 5 վթարային շենք և 4-րդ կարգի վթարային շենքերը պետք է վերաբնակեցվեն:
Հայկ Մարությանը նաև ասել է, որ համատիրությունների լուծման համար պետք է քաղաքացիների մասնակցությունը.
«Համատիրություն կա, որի ենթակայության տակ է գտնվում 600 շենք, նման համատիրությունը ժողով անելու համար պետք է վարձակալի մարզահամերգային համալիրը: Բնակիչները պետք է իմանան, որ համատիրությունն իրենք են»:
Այսպես կոչված, «Կարմիր գծերի» խնդրի մասին խոսելիս քաղաքապետն ասել է, որ դրանց համար վճարված գումարները գնում են քաղաքային բյուջե: