Հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղի ունեցած ավազակային հարձակման առիթիվ հարուցվել է քրգործ
«Գազ պրոպան» ՍՊԸ-ի վրա ավազակային հարձակման առթիվ հարուցվել է քրեական գործ, այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հարուցվել է քրեական գործ ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 13/1 հասցեում գործող հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի լույս հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 00:30-01։00 –ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Թբիլիսյան 13/1 հասցեում գործող հեղուկ գազի լիցքավորման կայանի աշխատասենյակ, ատրճանակի գործադրմամբ կայանի աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել դրամարկղում առկա կանխիկ գումարը՝ 180.000 ՀՀ դրամ, աշխատակցի «Նոկիա» ապրանքանիշի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Հայաստանի ՔԿ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Գազի լիցքավորման կայանը շահագործող ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող։
Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։