Կոտրել է մեքենայի ապակին, փորձել է թալանել, սակայն մեքենայի տերը աղմուկից արթնացել է (տեսանյութ)
Հունվարի լույս 12–ի գիշերը, ժամը 05։00-ի սահմաններում Ավանից Առինջ գյուղ տանող ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի մեքենան փորձել են թալանել, սակայն մեքենայի տերը աղմուկից արթնացել է և հասկանալով՝ ինչ է կատարվում՝ անմիջապես ահազանգել է 1-02 հեռախոսահամարով։ Դեպքի վայր ժամանած պարեկայինները Աշխաբադի փողոցում նկատել են առանց համարանիշների սլացող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որին կանգնեցրել և վարորդով հանդերձ բերման են ենթարկվել Ոստիկանության Ավանի բաժանմունք։ Կասկածանքով բերման ենթարկված 23-ամյա Վոլոդյա Գասպարյանը, որը Երևանի բնակիչ է, հատուկ է համարանիշները հանել տեսախցիկների ֆիքսելուց խուսափելու համար։ Նա հայտնել է, որ Ավանից Առինջ գյուղ տանող ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի մեքենայի դիմապակին կոտրել է, գողացել է ղեկի պատյանը, փորձել է գողանալ նաև մարտկոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ հանցագործությունը ավարտին չի հասցրել, փախել է՝ մտածելով, որ դեպքի վայրում մնալու պարագայում կբռնվի։ Ընդ որում, փախչելիս մեքենայով հարվածել է թիրախ ընտրած մեքենայի թափարգելին։
Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի մանրամասները պարզվում են։