Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում. Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել օրենսդրությունը. ԵՄ դեսպան
Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում: Այս մասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, ատելության խոսքը համընդհանուր չարիք է. «Այն շատ վնասակար է քաղաքական մշակույթի համար: Այն սպանում է ժողովրդավարությունը: Այն երկրներում, որոնք իրենց պատմության նոր էջ են բացում՝ կապված քաղաքական մշակույթի և ժողովրդավարության ինստիտուտների կառուցման հետ, շատ կարեւոր է, որ ատելության քարոզի դրսևորումները ուշադրության արժանանան, կառավարվեն, կանխվեն և դրանց դեմ պայքար տարվի:
Մենք խոսում ենք Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունից մեկ օր անց, ով Հայաստանի ընկերն էր և մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Նա ատելության զոհ դարձավ: Նրա մահը այն փաստի վկայությունն է, որ բռնության քարոզը կարող է հանգեցնել քաղաքական բռնության: Նրա մահը ապացուցում է, որ ատելության խոսքը պետք է լուծում ստանա ամենասկզբնական փուլում, քանի որ բանավոր ատելությունը հեշտորեն կարող է վերաճել ֆիզիկական բռնության:
Հայաստանում մենք կազմակերպել էինք հատուկ միջոցառում՝ զրուցելու ատելության քարոզի, մասնավորապես, սոցիալական մեդիաներում դրա առկայության մասին: Մենք ունեցել ենք շատ լավ սեմինար և վճռական ենք շարունակելու մեր քննարկումները»,-ասել է Սվիտալսկին:
Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ՝ կապված ատելության խոսքի կանխարգելման հետ. «Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը՝ դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, և մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանն եւ այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը և լրագրողները՝ պայքարելու ատելության քարոզի դեմ:
Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռեւս շատ հեռու է ատելության քարոզի ամենաանհանգստացնող դրսևորումներից, որոնք առկա են այլ երկրներում: Նախընտրական բանավեճերն Հայաստանում շատ դիվանագիտական և քաղաքակիրթ բնույթ ունեին՝ համեմատած այլ երկրներում տեղի ունեցող բանավեճերին, որտեղ բացասական էմոցիաները քաղաքական դիսկուրսում դարձել են շատ տարածված: Հայաստանի պարագայում ես առաջարկում եմ գործել, քանի դեռ ուշ չէ»,-ընդգծել է ԵՄ դեսպանը: