Վարորդների համաներումը ամենավատ բանն է,որ կարող է պատահել. Սերգեյ Ղահրամանյանը սպասվելիք փոփոխությունների մասին
Դինամիկ ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների քանակը զգալի կրճատվել է, ինչը վատ հետևանքների է հանգեցրել։
Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
«Սակայն այժմ մշակվում է նոր մոտեցում, ճանապարհային ոստիկանների պարեկախմբի ծառայություն է իրականացվելու և այսպես ասած իրենց օրենքից դուրս համարող վարորդները միշտ այդ ոստիկանների հսկողության տակ կլինեն։
Այս ծրագիրը դեռ մշակվում է և ֆինանսական խնդիրներ էլ ունի, քանի որ ճանապարհային ոստիկանների թիվը զգալիորեն կմեծանա»,– ասաց նա՝ հավելելով, որ դա տարբեր երկրներում կիրառվող պրակտիկա է, ինչը դրական արդյունքներ է տվել։
Նա նաև նշեց, որ կա վարորդների մի խումբ,որոնք չափից դուրս շատ են խախտումներ անում, չեն վճարում դրանց համար և համոզված են,որ նորից համաներվելու են, ինչպես եղավ նախորդ տարի. «Դա ամենավատ բանն է, որ կարող է պատահի»։