7.5 մլն դոլար. Huawei-ի ֆինանսական տնօրենն ազատ կարձակվի գրավի դիմաց
Կանադական Վանկուվերի դատարանը վճռել է 7.5 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել չինական Huawei տեխնոլոգիական ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որին մտադիր են ԱՄՆ-ին արտահանձնել:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կմիջամտի գործին, եթե դա կօգնի Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների կարգավորմանը:
Հայտնի է, որ Մենը կանադական իշխանությունների կողմից ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին՝ Վանկուվերում: Ամերիկյան կողմի պնդմամբ՝ նա ապատեղեկատվություն է ներկայացրել բանկերին՝ Huawei-ի և ժամանակին Իրանում բիզնես գործունեություն ծավալած Skycom ընկերության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ:
ԱՄՆ-ն պահանջում է արտահանձնել Մենին՝ Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու կասկածանքով:
Օտտավայում Չինաստանի դեսպանությունը ձերբակալությունն անվանել է մարդու իրավունքների կոպիտ խախտում և բողոք հայտնել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Կանադային: